ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հատուկ ստորաբաժանումները մանրակրկիտ տեղեկություններ են հավաքում ուկրաինացի վարձկանների մասին, արդեն ավելի քան 4 հազար մարդ նույնականացվել է, դրանց մի մասի նկատմամբ հեռակա հետաքննությունն ավարտվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Նա ընդգծել է, որ ցանկացած գրոհային` լինի դա Ուկրաինայի ԶՈւ–ի ծառայող, ազգայնական, արմատական, թե օտարերկրյա վարձկան, պատասխանատվություն է կրելու հանցագործության համար։
«Այդ մարդիկ որոշակի ժամանակ ստիպված կլինեն անդադար հետ նայել։ Նրանք մշտապես գտնվելու են ուշադրության տակ։ Կարծում եմ` նրանց հանցագործությունների մասին հայտնի կդառնա աշխարհի մի շարք երկրներում և հասկանալի կլինի, թե ում հետ այսօր գործ ունեն ոչ միայն Ուկրաինան, այլև մասնավոր ռազմական ընկերությունները, որոնք այսօր Ուկրաինայի համար հավաքագրման կենտրոնների գործառույթներ են կատարում։ Հայտնի կդառնա` ինչ անձնակազմ է ուղարկվում Ուկրաինայի տարածք ռազմական գործողությունների համար», – հավելել է դեսպանը։
Միրոշնիկը նշել է, որ օտարերկրյա վարձկանները սովորաբար հոգեկան խնդիրներով տառապող մարդիկ են, որոնք ատում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Նրանք հակված են բռնության, սպանության, արյունահեղության, խաղաղ մարդկանց ծաղրելուն, դիակապտության։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։