ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Շրջանային ռազմական դատարանը որոշել է մինչև հոկտեմբերի 29-ը կալանավորել պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին` առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նիստն ընթացել է դռնփակ` քննիչի խնդրանքով, որը հայտնել է, որ գործի նյութերում ինչպես նախաքննական, այնպես էլ պետական գաղտնիքներ կան։
Ինքը` Պոպովը, գործընթացի փակ անցկացնելու դեմ չի առարկել։
Այսօր ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Պոպովի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով (մինչև 10 տարվա ազատազրկում):
Հետաքննության տվյալներով` 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» այգու զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստացել է այդ հաստատության հաշվին` գործելով այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՌԴ պաշտպանության նախարարության նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Վեցովի հետ, որոնք նախկինում քրեական պատասխանատվության են ենթարկվել։
Պարզվել է, որ Պոպովը կազմակերպել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև «Պատրիոտ» զբոսայգու հաշվին տարբեր նյութական արժեքների մատակարարումը Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում գտնվող իր ամառանոցին։
Բացի այդ, իր ենթակաների միջոցով նա պարտադրել է առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, որոնք պայմանագրային հարաբերություններ ունեն «Պատրիոտ» այգու հետ, շինարարական և մոնտաժային աշխատանքներ կատարել իր քաղաքամերձ տանը` առանց վճարելու դրանց համար: Տունը կառուցելուց և հողամասը բարեկարգելուց հետո Պոպովը շարունակել է այգու հաշվին ապահովել մոտ 3 հա մակերեսով իր հողամասի տեխնիկական և տնտեսական սպասարկումը։
Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ նշված հողամասից և տներից բացի, Պոպովի և նրա ընտանիքի անդամների սեփականություն են հանդիսանում անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ Մոսկվա քաղաքի, Մոսկվայի մարզի և Կրասնոդարի երկրամասի թանկարժեք շրջաններում: Այդ օբյեկտների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 500 մլն ռուբլի։ Նշված գույքի ձեռքբերման օրինականությունը ևս ստուգվում է քրեական գործի շրջանակներում:
Նշենք, որ Պավել Պոպովը, որի նկատմամբ խարդախության վերաբերյալ գործ է հարուցվել, ազատվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից և զինվորական ծառայությունից հեռացվել է 2024 թվականի հունիսի 17-ին։ Պոպովն իր պաշտոնում աշխատել է գրեթե 11 տարի` 2013 թվականի նոյեմբերից։