ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ այս միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու համար 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ։
«Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով»,– ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը:
ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր: Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները։