«Նոան» պարտվեց, բայց պատմական արդյունքի հասավ

«Նոան» Կանֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆ-ի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթելով Սլովակիայի ներկայացուցիչ «Ռուժոմբերոկին» շատ լավ առավելություն էր ստացել պատասխան խաղից առաջ և ընդհուպ մոտեցել էր խմբային փուլի ուղեգիր վաստակելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ- օֆֆ փուլի պատասխան խաղում 1։3 հաշվով պարտվեց «Ռուժոմբերոկին», բայց դիմակայությունում հաղթեց 4։3 հաշվով։
Պատասխան խաղի մեկնարկը այնքան էլ հաջող չստացվեց «Նոայի» համար։ Հանդիպման 9-րդ րոպեին մերոնք սեփական տուգանային հրապարակի մատույցներում սխալվեցին, և Օլիվեր Լուտերանը մոտ 20 մետրից դիպուկ հարվածով առաջ մղեց դաշտի տերերին։ «Ռուժոմբերոկի» մեկնարկային ակտիվությունը արդյունք տվեց դաշտի տերերին։ Սակայն հետագայում «Նոան» առնվազն երկու անգամ կարող էր խփել պատասխան գնդակը, բայց լավ էր խաղում սլովակների դարպասապահը։ Իսկ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Վիրջիլ Պինսոնի հարվածից հետո գնդակը պարզապես հրաշքով չհայտնվեց «Ռուժեմբերոկի» դարպասում։ Ու գործեց ֆուտբոլում չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ։ Առաջին կեսի վերջին վայրկյաններին «Ռուժեմբերոկը» կրկնապատկեց իր առավելությունը։ Յան Հլադիկը հաշիվը դարձրեց 2։0։
Առաջին խաղակեսում երկու գնդակ խփելով՝ սլովակները արդեն սկսեցին հավատալ դիմակայությունում իրենց հաղթանակին։ Երկրորդ խաղակեսը շատ լարված պայքարում անցավ։ Իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ «Նոան» կրկնակի պատիժ կրեց։ Նախ երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվեց Պաբլո Սանթոսը, իսկ նշանակված 11 մետրանոց հարվածն էլ իրացրեց Մարտին Բոդան։ Դիմակայությունում հաշիվը հավասարվեց՝ 3։3։
Թվաց, որ «Ռուժեմբերոկը» լուծեց խնդիրը, և արդեն կարող էր մտածել հաղթանակի մասին։ Սակայն «Նոան» տասը ֆուտբոլիստներով կարողացավ մեկ գնդակ հետ բերել։ Փոխարինման դուրս եկած Մաթեուս Այասը գլխի հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասն ու դիմակայությունում նորից առաջ մղեց հայկական թիմին՝ 4։3։ Հանդիպման վերջին րոպեների ճնշմանը «Նոան» դիմացավ, ու պարզապես կորզեց հաղթանակը երկու հանդիպումների արդյունքում։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է վաղը։ Վաղն էլ կիմանանք, թե որ թիմերն են լինելու «Նոայի» մրցակիցները։