ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի 72–ամյա բնակչուհու բնակարանից նրա քրոջ 21–ամյա թոռը և վերջինիս 24–ամյա ընկերն առանձնապես խոշոր չափերով հափշտակություն են կատարել: Նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել, նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 21–ամյա երիտասարդը, տեղյակ լինելով, որ մոր մորաքույրը տնից տևական ժամանակ բացակայելու է, իսկ բնակարանի բանալիների օրինակը իրենց բնակարանում է լինելու, 72–ամյա կնոջը պատկանող, սակայն իր կողմից շահագործվող «Nissan X–Trail» մակնիշի ավտոմեքենայով հանդիպել է հիշյալ ընկերոջը և պայմանավորվել հափշտակություն կատարել:
Օգոստոսի 24–ին՝ ժամը 05:40–06:15–ն ընկած ժամանակահատվածում երիտասարդները, դռան կողպեքը բանալու միջոցով բացելով, մուտք են գործել 72–ամյա կնոջ տուն և հափշտակել մոտ 500.000 դոլար արժողության ոսկյա և ադամանդյա զարդեր և 4000 դոլար գումար:
Կոմիտեից նշում են, որ քննությունը շեղելու նպատակով երիտասարդները մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականին հարող փայտե մակերեսը և մետաղյա ձողը թողնելով բնակարանում` հեռացել:
Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոշոր չափերով գողություն):
24–ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21–ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: