Հարավային Կովկասում բարդ իրավիճակը պահպանվում է Արևմուտքի պատճառով. ՀԱՊԿ շտաբի ղեկավար

Անդրեյ Սերդյուկով
Անդրեյ Սերդյուկովը նշել է, որ Արևմուտքն ակտիվ փորձեր է անում իրավիճակը սրելու և տարածաշրջանները ռազմականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իր ազդեցությունն ընդլայնելու` Արևմուտքի փորձերի պատճառով Հարավային Կովկասում բարդ իրավիճակ է պահպանվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Առանձնակի մտահոգություն է առաջացնում հակասությունների այն բարձր մակարդակը, որը պայմանավորված է առաջին հերթին տարածքային հարցերի չկարգավորված լինելով և Անդրկովկասում իր ազդեցությունն ընդլայնելու` Արևմուտքի ձգտումով», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են արդիական մնալ նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ինչը կապված է միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ։ Այս գործոնները հիմնական սպառնալիքն են կազմակերպության անդամ պետությունների կայունության համար։
ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ
Սերդյուկովի կարծիքով` աշխարհում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը մոտ ապագայում դեռ անկայուն է մնալու։ Նա նշում է, որ Արևմուտքի գործողությունները սադրիչ բնույթ են կրելու` ուղղված իր գերակայության պահպանմանն ու դրա համար աշխարհում էսկալացիայի նոր օջախների ստեղծմանը։
Շտաբի պետը հայտարարել է նաև, որ Արևելքից եկող այսպես կոչված սպառնալիքից պաշտպանվելու պատրվակով, ՀԱՊԿ–ի արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ տարածաշրջանում ՆԱՏՕ–ի կոալիցիոն զորքախմբեր են համալրվում։ Շարունակվում են Ուկրաինային ֆինանսապես և սպառազինությամբ զինելու, ինչպես նաև Լեհաստանի և Բալթյան երկրների ռազմականացման գործընթացները։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: