ԱՄՆ-ում ընդունել են Ուկրաինայում առաջին F-16 կործանիչի կորուստը

Ուկրաինական կողմը կործանիչի կորստի փաստը չի հաստատել։ Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Պենտագոնը` հարցը վերահասցեագրելով Կիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան F-16 կործանիչը օգոստոսի 26-ին կործանվել է Ուկրաինայում, հայտնում է Wall Street Journal թերթը:
«Դա տեղի է ունեցել ամերիկյան առաջին կործանիչների Ուկրաինա ժամանելուց ընդամենը մի քանի շաբաթ անց»,-նշում է պարբերականը` հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին։
Նախնական տվյալներով` ինքնաթիռը թշնամու կրակից չի խոցվել, թեև բուն միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտներին զանգվածային հրթիռային հարվածի ժամանակ, ասել է պարբերականի աղբյուրը: Կործանումը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ռուսական զինված ուժերի թիրախներից մեկը դարձել էր Կոլոմիայի ռազմական օդանավակայանը Իվանո-Ֆրանկովսկի մոտ` Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, որտեղ կարող էին տեղակայված լինել F-16-ներ: