Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթներ առաջ Ադրբեջանում հանդիպեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին նախորդեց հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից կրակոցների վերաբերյալ ապատեղեկատվությունը։
Պուտինի այցից հետո մինչև երեկ Բաքուն զերծ էր մնում այդօրինակ կեղծ լուրերից, սակայն երեկ ադրբեջանականկողմը կրկին հաղորդագրություն տարածեց, թե Նախիջևանի հետ սահմանին հայկական կողմից կրակոցներ են հնչել։
Օրերս էլ Անկարա այցելած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։
Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, նաև մեր երկրի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը։ Բայրամովը կրկին պնդել է, որ խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներն են:
Բացի այդ, Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
«Այս ամենում ցավալին այն է, որ մեր հարցերն են քննարկվում` առանց մեր մասնակցության»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։