ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ստացված բողոքներն էապես` ավելի քան 2 անգամ աճել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք:
«Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը»,–նշել է ՀՀ ՄԻՊ–ը։
Գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը ՄԻՊ–ն աջակցել է խորհրդատվության միջոցով։
Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին։
Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին: