Ռուսաստանից շաքարավազի արտահանման արգելքի երկարացում չի նախատեսվում. պաշտոնական

ՌԴ գյուղնախարարությունը վստահեցնում է, որ հետագա որոշումը կքննարկվի ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանից շաքարավազի` մինչև օգոստոսի 31-ը գործող արգելքի երկարացում չի նախատեսվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։
«Առայժմ ճակնդեղի շաքարի և քիմիական մաքուր բուսաշաքարի արտահանման նկատմամբ սահմանված ժամանակավոր արգելքի երկարացում օգոստոսի 31-ից հետո չի նախատեսվում», – ասել են գերատեսչությունում։
Նշվել է, որ հետագա քայլերը կախված են նոր սեզոնում շաքարի ճակնդեղի բերքից, իսկ համապատասխան որոշումը կկայացվի ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցմամբ։
Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներ
Հիշեցնենք` ՌԴ–ից շաքարավազի արտահանման ժամանակավոր արգելքը գործում է 2024 թվականի մայիսի սկզբից և պետք է տևի մինչև օգոստոսի 31-ը։ Այն նպատակ ուներ ապահովել պարենային ներքին շուկայի կայունությունը։ Միևնույն ժամանակ մի շարք բացառություններ են նախատեսված` մատակարարումները ԵԱՏՄ երկրներ հնարավոր են կոնկրետ ծավալներով։ Մասնավորապես` Հայաստան թույլատրվում էր արտահանել 28 հազար տոննա, Բելառուս` 5 հազար տոննա, Ղազախստան` 120 հազար, Ղրղզստան` 28.5 հազար տոննա։