ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են հայ–ադրբեջանական պայմանագրի նախապատրաստումը, սահմանագծումն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նախագահները շարունակել են քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված տարբեր հարցեր։
Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու ամեն կերպ աջակցել Բաքվին և Երևանին` համապատասխան փոխադարձ ընդունելի որոշումների կայացման հարցում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը օգոստոսի 18–ին Բաքու էր մեկնել։
Հավելենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։