ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Երևան-1» ՀԷԿ-ի վթարը ֆորս-մաժոր համարելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումները գերազանցում են սահմանված նորման (քաղաքներում՝ 4 ժամ, գյուղերում՝ 8 ժամ), ընկերությունը փոխհատուցում է վճարում։
«Այնտեղ, որտեղ անջատումները տեղի են ունեցել ոչ մեր մեղքով, լիազոր մարմինները պետք է որոշեն՝ դրանք համարե՞լ ֆորս-մաժոր, թե՞ ոչ։ Ձեր նշած դեպքի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, հարցը քննարկվում է», - հավելեց Արշակյանը։
Նշենք, որ «Երևան-1» ՀԷԿ-ի վթարը տեղի է ունեցել հուլիսի 6-ին: Դրանից հետո հաճախակի են դարձել անջատումները մայրաքաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
«Միջազգային էներգետիկ կորպորացիան» վերանորոգում է իրականացնում հենց կայանում, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կայանի հետ կապված էլեկտրահաղորդման գծերն է նորոգում: