ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. Հրաձիգ Գոհար Հարությունյանը Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնություն չեմպիոն է հռչակվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
«10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում լավագույնի կոչմանը արժանացավ Գոհար Հարությունյանը»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հարությունյանը կիսաեզրափակչում՝ 6:2, իսկ արդեն եզրափակիչում 6:1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Հրաձիգ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել
Մրցապայքարում մեր մյուս մարզուհիներ Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով 7-րդ տեղում են։
Տղամարդկանց պայքարում հաջողություններն ավելի քիչ են․ Հովհաննես Մարգարյանը 556 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Նշենք, որ վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը։ Այսօր մեկնարկել է մեծահասակների մրցապայքարը։
Հայաստանի հրաձգության հավաքականը մրցմանը մասնակցում է ընդլայնված կազմով։