ՀԿԵ-ի «Անվտանգության օրն» անվտանգ չի անցել․ գնացքը բախվել է «Ֆորդ Տրանզիտին»

Գնացքը բախվել է «Ֆորդ Տրանզիտին»
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում բոլոր վթարները տեղի են ունենում վարորդների մեղքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի– Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղին» այսօր ՀՀ 7 մարզերում «Անվտանգության օր» միջոցառումն է իրականացնել, ու հենց միջոցառման օրը հերթական վթարն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Մասիս-Էջմիածին հատվածում չկարգավորվող գծանցի վրա տեղի է ունեցել ՃՏՊ՝ Գյումրի-Երևան երթուղով ավտոմեքենայի և էլեկտրագնացքի մասնակցությամբ:
«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի արձագանքել մոտեցող գնացքի ձայնային ազդանշաններին և փորձել է դուրս գալ գնացքի դիմաց, որում եղել է 165 ուղևոր: Անհայտ պատճառներով ավտոմեքենան կանգ է առել գծանցի վրա։ Ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, փրկելով իրենց կյանքը, դուրս են եկել ավտոմեքենայից։ Չնայած գնացքի անձնակազմը վթարային արգելակում է արել, սակայն բախումից հնարավոր չէր խուսափել։ Էլեկտրագնացքը մեքենան քարշ է տվել 50 մետր, ավտոմեքենան դուրս է շպրտվել գծի երթևեկելի հատվածից:
Վթարի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղին» վնասներ է կրել։ Ուղևորատար գնացքը վնասվել է և 1ժ 20 ր-ով հետաձգվել է նրա երթը:
ՀԿԵ-ից հայտնում են, որ գծանցներում վթարների վիճակագրությունը ցույց է տալիս՝ բոլոր վթարները տեղի են ունենում վարորդների մեղքով, ովքեր անտեսել են ճանապարհային նշանները, խախտել թույլատրելի արագությունն ու անուշադիր եղել։ 2024թ. սկզբից ՀԿԵ գծանցներում տեղի է ունեցել 6 ՃՏՊ, ինչպես և 2023թ.-ին։
Այդ նպատակով էլ ընկերությունն անցկացնում է «Անվտանգության օր» միջոցառումը, որի նպատակն է վարորդներին ներկայացնել այն սպառնալիքները, որոնք առաջանում են երկաթուղային գծանցների հատման կանոնների խախտման դեպքում։