ՀՀ–ից ՌԴ արտահանված ելակի մեջ պեստիցիդների վտանգավոր տեսակ է հայտնաբերվել․ լրատվամիջոցներ

Հայկական կողմը «խոտանված» գյուղմթերքի մասին դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր պեստիցիդ՝ տեբուկոնազոլ։ Հատապտուղների խմբաքանակը նախատեսվում էր իրականացնել Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Տուլայի մարզում։
Mash տելեգրամյան ալիքի տեղեկատվության համաձայն` պեստիցիդները հայտնաբերվել են 4 տոննա ծավալով խմբաքանակում, որը պետք է ստուգվեր օգոստոսի 21-ին: Նմուշառված արտադրանքում ստուգվել է տրիֆլոքսիստրոբին և տեբուկոնազոլ թունաքիմիկատների քանակը. դրանցից առաջինը, ըստ որոշ ուսումնասիրությունների, ազդում է վերարտադրողականության վրա: Իսկ երկրորդի հիման վրա մշակված դեղամիջոցները պատկանում են մարդկանց համար վտանգի երկրորդ դասին։ Արդյունքում հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ։ Դրա ցուցանիշը կարգավորում չունի, բայց արտադրանքում առկայությունն արդեն իսկ համարվում է ոչ անվտանգ:
Բացի այդ, օգոստոսի 16-ին ստուգվել է Հայաստանից ելակի մեկ այլ խմբաքանակ, որտեղ գերազանցվել է բուպիրիմատ թունաքիմիկատի պարունակությունը։
Միևնույն ժամանակ, սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ արտադրանքում վնասակար նյութերի առկայության մասին պաշտոնական ծանուցում չեն ստացել։ Այն ստանալու դեպքում տեսչական մարմինը պատշաճ կարձագանքի։
Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է. «Ռոսսելխոզնադզոր»
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերությունների արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և Հայաստանի սննդի տեսչությանն առաջարկել ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը:
Ավելի ուշ, Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի բանակցությունների արդյունքում, 16 ընկերություններից մեկի նկատմամբ կիրառված սահմանափակումները հանվել են: Հետագա բանակցությունները կշարունակվեն աշխատանքային (տեսչությունների ղեկավարների տեղակալների) մակարդակով: