ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում 20 մլն դրամովտուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Որոշումն ընդունվել է մի քանի բաժանորդների բողոքների արդյունքում․ նրանք դժգոհ են, որ իրենց լույսերն անջատվել են ավելի քան 4 ժամով (նման դեպքում ՀԷՑ-ը բաժանորդներին պետք է տուգանք վճարի): Բայց մի դեպքում էլցանցը հակադարձել է, թե իր տվյալներով՝ անջատում տեղի չի ունեցել, մեկ այլ դեպքում՝ որ բողոք ներկայացրած քաղաքացին տվյալ հասցեում գրանցված չի որպես բաժանորդ:
Հանձնաժողովը կրկնակի ստուգել է այդ անջատումների փաստերը և պարզել, որ դրանք իսկապես տեղի են ունեցել։ Այս կապակցությամբ որոշվել է նշանակել համեմատաբար խոշոր տուգանք (սովորական 5-10 մլն դրամի փոխարեն՝ 20 մլն դրամ), քանի որ, ըստ հանձնաժողովի, ՀԷՑ-ը, թույլ տալով խախտում, հետագայում ժխտել է այն ու փորձել մոլորեցնել հանձնաժողովին:
Այս կապակցությամբ նիստին ներկա՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Արշակյանը նշել է, որ ընկերությունում գործող էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը թեև ավտոմատացված է, բայց իրական ժամանակի ռեժիմում արձանագրում է միայն խոշոր անջատումներ (օրինակ՝ ենթակայաններից մինչև շենքեր գծերի անսարքությունների դեպքում): Եթե հենց շենքում աշխատել է շենքի անջատիչը կամ բնակարանային անջատիչը, ապա ցանցերի աշխատողները պետք է դա ֆիքսեն ոչ ավտոմատ՝ «ձեռքի» ռեժիմով:
Արշակյանը հավելել է՝ միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ արձանագրել անջատման ժամանակը, քանի որ «ավտոմատներն» ու անջատիչները կապարակնքված չեն, բնակիչները դրանց հասանելիություն ունեն, և անջատումից հետո, օրինակ, կարող են դրանք նորից միացնել (թեև մեծ հավանականությամբ, դրանից հետո էլեկտրական հոսանքը կրկին կանջատվի, քանի որ անջատիչները աշխատում են ցանցի գերբեռնվածության դեպքում):
Այս բացատրությունները բավարար չեն, պատասխան ելույթում հայտարարել է ՀԾԿՀ անդամ Արա Նռանյանը։ Նույնիսկ այն դեպքերում, երբ անջատումը տեղի է ունենում ոչ թե մեկ բնակարանում, այլ ընդհանուր մուտքում կամ շենքում, Էլցանցի աշխատակիցները տեղերում հնարավոր է պարզապես մոռանան այդ մասին հայտնել կենտրոն, հայտարարել է Նռանյանը։ Տարբեր ստորաբաժանումների միջև աշխատանքների համակարգման բացակայությունը տեսանելի է նաև մի շարք այլ դեպքերում, հավելել է նա։
«Արձանագրել ենք նաև նման դեպքեր. ձեր տեխնիկական աշխատակիցները գիշերը կարգավորում են ենթակայանի անսարքությունները, իսկ հետո ասում են՝ «շենքերի անջատիչների համար պատասխանատու է իրացման բլոկը․ առավոտյան կգան ու կմիացնեն»։ Արդյունքում, քաղաքացիները 10-12 ժամ էլեկտրական հոսանք չունեն․ էլեկտրացանցերը պետք է տուգանքներ վճարեն, և այս ամբողջը պարզապես այն պատճառով, որ ընկերության տարբեր ստորաբաժանումներում չեն համակարգում իրենց աշխատանքը», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում որոշում, ըստ որի՝ Էլեկտրացանցերը բաժանորդներին պետք է տուգանք վճարեն ոչ միայն առանձին վերցրած անջատումների չափազանց երկար լինելու, այլ նաև անջատումների չափազանց հաճախակի լինելու դեպքում՝ անկախ ժամանակի տևողությունից։