ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik.Հայկական կարմիր խաչի ընկերության տասը կամավորներ Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում նախապատրաստվել են փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։
Դասընթացներն անցկացնում էին կենտրոնի մասնագիտական պատրաստություն ունեցող հրահանգիչները։
Նշվում է, որ տեսական պատրաստության ընթացքում կամավորները ծանոթացել են անվտանգության հիմնական տեխնիկաներին, սովորել փլատակների դասակարգումը INSARAG–ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) համաձայն, ինչպես նաև կենտրոնի տրամադրած հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշիչ փրկարարական սարքերի հետ աշխատելու կանոններին։
Ուսուցման պրակտիկ մասում կամավորները սովորել են տուժածներին ազատելու հմտություններ ձեռք բերել, տիրապետել փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքներում կիրառվող հրշեջ սանդուղքների և պարանային տեխնոլոգիաներին։