ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիան Շվեյցարիայի հետ ստուգում է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի՝ իր երեխաներից մեկի նկատմամբ բռնության մեղադրանքների իրավական հիմքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Փարիզի դատախազությունում իր աղբյուրին։
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Փարիզում Դուրովի նկատմամբ հետաքննություն է ընթանում նրա երեխաներից մեկի նկատմամբ բռնության գործով:
Փարիզի դատախազության աղբյուրը հստակեցրել է, որ Ֆրանսիայում Telegram-ի հիմնադրի վերջերս տեղի ունեցած ձերբակալությունը ոչ մի կապ չունի այս գործի հետ:
«Ներկայումս ստուգումներ են անցկացվում Շվեյցարիայի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրավական հիմք արդեն գոյություն ունի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ էր հայտնվել դատական որոշումը, որի համաձայն Ժնևի կանտոնի վերաքննիչ քրեական պալատը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ժնևի դատախազությանը հանձնարարել էր հետաքննել Դուրովի դեմ բողոքը, որը ներկայացրել էր նրա նախկին ընկերուհի Իրինա Բոլգարը․ կինը նրան մեղադրում էր իրենց ընդհանուր որդու նկատմամբ բռնության մեջ։
Դատարանի որոշման մեջ բացատրվում է, որ 2017 թվականին ծնված երեխայի նկատմամբ հոր կողմից կատարված բռնի գործողությունների երեք դրվագների վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո Ժնևի դատախազությունը հրաժարվել է քրեական հետապնդում հարուցել, քանի որ այդ դրվագները տեղի են ունեցել ավելի քան երեք ամիս առաջ: Երեխայի մայրը դատախազության այս որոշումը բողոքարկել է 2023 թվականի մայիսի 4-ին։
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Փարիզի դատախազությունն ավելի ուշ հայտնել է, որ նա կալանավորվել է հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ:
Մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Դուրովի մասնակցությունը համացանցում անօրինական գործունեության մասին տվյալներ թաքցնելու մասով․ բացի այդ, Փարիզում կարծում են, որ նա, իբր կարող է «մասնակից» լինել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և թմրանյութերի վաճառքը: Նա նաև կասկածվում է մեսենջերին օրինական պահանջներ ներկայացրած իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ:
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։