ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Ռուս դիվանագետներն անում են այն ամենը, ինչ պարտավոր են անել Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ հարուցված գործի համատեքստում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հստակեցրել է, որ եթե քրեական հետապնդման է ենթարկվում Ֆրանսիայի քաղաքացին՝ Փարիզը կարող է ձերբակալվածին հասանելիություն չտալ (Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն – խմբ․):
«Այն, ինչ պետք է, ռուս դիվանագետներն անում են», - ամփոփել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Փարիզի դատախազությունն ավելի ուշ հայտնել է, որ նա կալանավորվել է հարցաքննության համար՝ հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ:
Մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Դուրովի մասնակցությունը համացանցում անօրինական գործունեության մասին տվյալների թաքցմանը․ բացի այդ, Փարիզում կարծում են, որ նա, իբր, կարող է «մասնակից» լինել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և թմրանյութերի վաճառքը: Նա նաև կասկածվում է մեսենջերին օրինական պահանջներ ներկայացրած իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ, հայտարարել են գերատեսչությունում:
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։
Պավել Դուրովի ձերբակալությունը բազմաթիվ երկրներում հանրության լայն քննադատության է արժանացել։ Այս ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել բացատրություն տալ՝ հավաստիացնելով, որ Դուրովի ձերբակալությունը քաղաքական որոշում չէ, և խոստացել է, որ գործարարի գործով որոշումը կկայացնեն դատավորները:
Telegram-ի հիմնադիրն ունի Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի և Սենթ Քիթս և Նևիսի անձնագրեր: ԱՄԷ-ի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ դիմել է Ֆրանսիայի իշխանություններին՝ պահանջելով թույլ տալ իրեն մատուցել անհրաժեշտ բոլոր հյուպատոսական ծառայությունները: