Խնդիրը պետք է ուսումնասիրել և ստանալ պարզաբանումներ բուլղարական կողմից. Արսեն Շհոյան

Sputnik
Խնդիրը պետք է ուսումնասիրել և ստանալ պարզաբանումներ բուլղարական կողմից. Sputnik Արմենիայի եթերում ասել է Բուղարիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Շհոյանը` մեկնաբանելով այ դ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունները։
«Եթե քաղաքացու իրավունքի որևէ ոտնահարում է տեղի ունեցել, կարևոր չէ` ՀՀ–ում, թե որևէ այլ տեղ, հարկավոր է ստուգել փաստերը, պարզել գործողութոյւնների իրավաչափությունը։ ՀՀ քաղաքացու իրավունքը միանշանակ ենթակա է պաշտպանության»,– ասել է դիվանագետը։
Լրատվամիջոցներն ահազագում է, որ Բուլղարիայում համատարած խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Մասնավորապես` ՀՀ քաղաքացիները, ՀՀ–ում Բուլղարիայի դեսպանությունից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն նրանց մուտքն այդ երկիր արգելվում է և վերջիններս ստիպված վերադառնում են Հայաստան։
Պատճառաբանությունները տարաբնույթ են`այցելության նպատակի փոփոխություն, հյուրանոցի սխալ ամրագրում, ֆինանսական միջոցների ստուգում և այլն: «Հետք» պարբերականին Բուլղարիա մեկնած ու մուտքի իրավունք չստացած քաղաքացիները պատմել են, որ այդ երկրի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք են դրսևորել Երևանից ժամանած հայերի նկատմամբ։
Նրանք հայ տուրիստներին ստիպել են ժամերով սպասել օդանավակայանում, ծաղրել նրանց, որոշներին տարել են առանձին տարածք, իրենց ձևակերպմամբ` «բանտանման տարածք», խուզարկել ու մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել են, որ արգելում են երկիր մուտք գործել։
Արձագանքելով քաղաքացիներից ստացվող ահազանգերին` արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարություն տարածեց` ՀՀ քաղաքացիներին զգուշացնելով, որ մի երկրի դեսպանատնից վիզա ստանալով մեկ այլ երկիր չմեկնեն, չխախտեն այցի դիմումում նշված նպատակը, ժամկետները, հյուրանոցները և այլն։