Ռոման Բերեզովսկին խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագրով

Ռոման Բերեզովսկին ու Կարեն Գիլոյանը
Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ, ինչը ռեկորդային է Հայաստանի հավաքականի դարպասապահների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍՆ շնորհակալագրով: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկն ու ձեր հուսալի խաղով բազմիցս նպաստել եք մեր հաղթանակների կայացմանը: Ֆուտբոլասերների կողմից արժանիորեն վայելել եք մեծ սեր, ու այդպես կլինի միշտ»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ դիմելով Ռոման Բերեզովսկուն:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ միշտ հպարտությամբ է կրել ազգային թիմի մարզաշապիկն ու պաշտպանել երկրի պատիվը։ Այժմ էլ հայկական ֆուտբոլին իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է՝ որպես Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու նորամուտը կայացել է 1996 թվականի օգոստոսի 31-ին աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Բերեզովսկուն հաջողվել է դարպասն անառիկ պահել և օգնել Հայաստանի ընտրանուն ոչ-ոքի խաղալ։ Ընդհանուր առմամբ, Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ, ինչը ռեկորդային է Հայաստանի հավաքականի դարպասապահների շրջանում: