Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն. ի՞նչ գործի մասին է խոսքը

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը. Արխիվային լուսանկար
Միքայել Մելքումյանին և Գրետա Սահակյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կազմվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքում։
Նշվում է, որ նրանք հրավիրվում են դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է ծանուցագրում։
Ըստ հայտարարության, վերջիններս իրավունք ունեն ծանուցագիրը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում ծանոթանալ նյութերին, դիրքորոշում ներկայացնել, ինչպես նաև հայտարարագիր։
Միքայել Մելքումյանն ու Գրետա Սահակյանը պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 30-ին, ժամը 15։30-ին։