Գործընթացը նահանջել է. դիվանագետը` ՀՀ քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ արգելելու մասին

Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
ՀՀ քաղաքացիներին ֆինանսական և հոգեբանական ռիսկերից զերծ պահելու համար ՀՀ ԱԳՆ-ն պետք է պատշաճ իրազեկում իրականացնի։ Բայց եթե խնդիրը պայմանավորված է տվյալ երկրի միգրացիոն քաղաքականության խստացմամբ, նախկին դեսպանն ընդգծում է, որ այստեղ ՀՀ ԱԳՆ–ն անզոր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եվրամիության որոշ երկրների մոտեցումները կարող են պայմանավորված լինել ոչ միայն վիզայի դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերում ներկայացված պայմանների խախտմամբ, այլև տվյալ երկրների ներգաղթային քաղաքականությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով ԱԳՆ–ի օրերս տարածած հաղորդագրությունը` ՀՀ քաղաքացիներին մուտքի իրավունք չտրամադրելու մասին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը օրերս հայտարարել էր, որ վերջին շրջանում քաղաքացիներից մեծ թվով դիմումներ են ստանում, թե, ունենալով շենգենյան վիզաներ և ժամանելով եվրոպական տարբեր երկրներ, չեն ստանում մուտքի իրավունք։ Նախարարությունը պարզաբանել էր, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել շենգենյան գոտու այն երկրի դեսպանատուն, որտեղ նախատեսվում է այցելել։ Իսկ մի քանի երկիր այցելելու դեպքում՝ հիմնական այցելության երկրի դեսպանությանը։
«Որոշակի մտահոգություն կա, որ, հաշվի առնելով, մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրները և դրանց հետևանքով աճող միգրացիոն մտահոգությունները, թե՛ մուտքի արտոնագրի տրամադրումն է բարդանում, թե՛ մուտքի ժամանակ մարդկանց մերժումներն են հաճախակիանում։ Բնականաբար, եվրոպական երկրները բացարձակապես ցանկություն չունեն միգրանտների նոր հոսք ստանալու, հատկապես այն երկրից, որն իրենք այսօր հռչակում են իրենց համար բարեկամ և արտաքին քաղաքականության հարցերում սատարվող երկիր»,– նկատում է դիվանագետը։
Ձյունիկ Աղաջանյանը ևս հաստատում է ԱԳՆ–ի պարզաբանման մեջ ներկայացված կանոնները` ԵՄ մուտք պետք է գործել այն երկրից, որի դեսպանատից ՀՀ քաղաքացին վիզա է ստացել։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև ճանապարհորդության ընթացքում, եթե քաղաքացին խախտել է նախապես իր ներկայացրած պայմանները։
Նախկին դեսպանը չի հերքում` քաղաքացիներին ճիշտ ու ժամանակին իրազեկելը կարող է նրանց որոշ չափով զերծ պահել ֆինանսական և հոգեբանական ռիսկերից, բայց եթե խնդիրը պայմանավորված է տվյալ երկրի միգրացիոն քաղաքականության խստացմամբ, այստեղ ՀՀ ԱԳՆ–ն անզոր է։
Անդրադառնալով արտագաղթի պայմաններում ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին` Ձյունիկ Աղաջանյանն արձանագրում է, որ 2018 թ–ից հետո գործընթացն իրականում հետընթաց է ապրել և այսօր փաստացի սկսվում է զրոյական կետից։
«ՀՀ նախորդ իշխանություններն էական ջանքեր էին գործադրել, որպեսզի չեզոքացնեն այն ռիսկերը, որոնք ԵՄ երկրները կարող են տեսնել վիզաների ազատականացման պարագայում։ Եվ շատ դրական միգրացիոն դինամիկա մենք ունեինք թե՛ Եվրոպա գնացողների քանակի, թե՛ որակի առումով, թե ինչ կարգավիճակով էին մարդիկ այցելում շենգենյան գոտի և թե՛ վերադարձող միգրանտների ընդունման առումով։ Կհիշեք` մենք ժամանակին հսկայական քանակով ընդունման համաձայնագրեր ստորագրեցինք ԵՄ երկրների հետ, քանի որ ռեադմիսիայի գործընթացը վիզաների ազատականացման գործընթացի մաս է»,– արձանագրում է Աղաջանյանը։
Նրա գնահատմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունը փորձում է վերագործարկել տարիներ առաջ կասեցված այդ գործընթացը։ Բայց, հաշվի առնելով ՀՀ–ից միգրացիոն հնարավոր հոսքերի վերոհիշյալ խնդիրը, նախկին դեսպանը խիստ կասկածում է, որ դա դրական արդյունք կունենա։ Աղաջանյանի խոսքով` անիվը հետ է պտտվել, և Հայաստանն այսօր շատ բացասական դիրքում է։
Վիզաների ազատականացման թեման պարբերաբար հանվում է պահարանից. ՀՀ նախկին փոխարտգործնախարար