ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը Մոսկվայի քաղաքապետարանի «Աջակցություն հայրենակիցներին» ծրագրի շրջանակում Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաներին է փոխանցել բժշկական սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Մոսկվայի քաղաքապետարանի «Աջակցություն հայրենակիցներին» ծրագրի շրջանակում Երևանի թիվ 17 հատուկ դպրոցը ստացել է բուժսարքավորումների խմբաքանակ
© Photo : Русский дом в Еревaне
«Արդեն երկրորդ անգամ ենք երեխաների համար անհրաժեշտ սարքավորումներ բերում։ Այս խմբաքանակը ներառում է անվասայլակներ, քայլակներ, հենակներ: Ընդհանուր առմամբ, մեր կազմակերպությունն ունի 15 մասնաճյուղ ամբողջ Հայաստանում և 11 գործընկեր կառույց, որոնք ընդգրկված են Համակարգող խորհրդի կազմում: Այս բոլոր կազմակերպությունները, ինչպես և մեր մասնաճյուղերը, ակտիվորեն մասնակցում են ծրագրին», - նշել է «Ռոսիա» ՀԿ նախագահ Ելենա Հակոբյանը։
Նա նշել է, որ «Աջակցություն հայրենակիցներին» ծրագրի շրջանակներում բաշխվել է 384 միավոր բժշկական գույք։