ԵԱՏՄ-ն փակել է Ադրբեջանից դեմպինգային ալյումինե ժապավենների ներկրման շրջանցիկ ուղիները

Չարդարացված ցածր գների պատճառով ադրբեջանական ալյումինե ժապավենի նկատմամբ 16% տուրք է սահմանվել, դրանից հետո ապրանքը սկսել են ներկրել մաքսային այլ կոդերով։ Նման պրակտիկայի կիրառում նկատելով` ԵՏՀ–ն փակել է նաև այդ ուղին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարգավորումներ է ընդունել, որոնք արգելում են Ադրբեջանից հակադեմպինգային տուրքերի շրջանցմամբ ինքնակպչուն ալյումինե փայլաթիթեղ ներկրել։
Ավելի վաղ, 2020 թվականի սեպտեմբերին, Եվրասիական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմին) 5 տարի ժամկետով հակադեմպինգային տուրք էր սահմանել Ադրբեջանից և Չինաստանից ներկրվող ալյումինե ժապավենի համար։ Ադրբեջանի դեպքում` 16%–ից մի փոքր ավելի, Չինաստանի դեպքում` 13%–ից մի փոքր ավելի։ Նման որոշում էր կայացվել հակադեմպինգային հետաքննության արդյունքներով (չարդարացված ցածր գների), որն իրականացվել էր ՌԴ ալյումինի արտադրողների, մատակարարների և սպառողների միության հայտարարության հիման վրա։
Վերջերս ԵՏՀ–ի կողմից իրականացրած կրկնակի հետաքննությունը պարզել էր, որ նշված ալյումինե ժապավենը մատակարարվում է մաքսային այլ ապրանքային կոդի ներքո, ինչը թույլ է տալիս շրջանցել հակադեմպինգային տուրքը։
Ընդունված որոշման համաձայն, որն ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, ԵՏՀ–ն փոփոխել է նախկին որոշումը և այժմ այն տարածվում է նաև նման դեպքերի վրա։
Հավելենք, որ ալյումինե ժապավենը պետք չի շփոթել փայլաթիթեղի հետ (ժապավենը պատրաստվում է փայլաթիթեղից, ունի կպչուն շերտ և օգտագործվում է որպես ինքնակպչուն ժապավենի ավելի ամուր և ջերմամեկուսիչ տարբերակ)։
Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից ստացել է բոլոր օգուտները. պատգամավոր