Բելառուսի դեսպանը Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Օգոստոսի 27-ին կայացած հանդիպմանը կաթողիկոսն ու դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնյաների միջև լարվածություն է առաջացել Բելառուսի նախագահի` արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուսի ղեկավարն իրականում խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Նա հայ պաշտոնյաներին արգելել է մեկնել Բելառուս, քանի դեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Օրերս Հայաստանի իշխանությունների հասցեին Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ դեսպանատան ուղղությամբ լոլիկ ու կարտոֆիլ են նետել։