2023 թ․-ին ցորենի ապահովվածության ինքնաբավության ծավալը 27․9 տոկոս էր, իսկ 2024 թվականին իրավիճակն ավելի ծանր է լինելու․Հարությունյան

Sputnik
«Հայաստանում գյուղատնտեսության աղետը սկսվել է 2018 թ․ երկրորդ կիսամյակից, երբ փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, ու աղետը շարունակվում է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում արձանագրել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով` անցած տարվա համեմատ այս տարի շատ քիչ է ցորեն աճեցվել։ «Եթե 2022 թվականին աշնանը ցանվել էր 71 400 հեկտար ցորեն, ապա 2023 թվականին ցորենի համախառն բերքը կազմել է շուրջ 177 հազար տոննա։ 2023 թվականին կատարված աշնանացանը, որը հիմա հնձվում է, օպերատիվ տվյալներով, եղել է 56 500 հեկտար, այսինքն՝ շուրջ 15 000 հեկտարով պակաս»,– փաստում է նախկին պաշտոնյան։
Ըստ Հարությունյանի՝ 2023 թվականին ցորենի ապահովվածության ինքնաբավության ծավալը 27․9 տոկոս էր, իսկ 2024 թվականին իրավիճակն ավելի ծանր է լինելու։
Ինչ վերաբերում է ցորենի կորստին, ապա, Հարությունյանի տվյալներով, 2022 թվականին այն կազմել է 35 700 տոննա, ապա 2023 թվականին ոչ թե դաշտերում, այլ արդեն բերքահավաքից հետո կորուստն ավելացել է 10 հազար տոննայով` արդյունքում կազմելով 45 600 տոննա։
«Մկնանման կրծողների խնդիրն այս տարի իսկապես մեծ է, բացի այդ` ծաղկման փուլում ծաղկավիժման խնդիրներ են դիտվել տարբեր մարզերում, այսինքն` հատիկը չի ձևավորվել»,-մանրամասնել է Հարությունյանը։
Հարությունյանը հիշեցրել է, որ դեռ 2021-22 թվականներին կառավարությունը պետք է մոնիթորինգ աներ շուրջ 215 հազար հեկտար ցանքատարածքները` պարզելու համար կրծողներով ու մորեխներով վարակվածության աստիճանը և, իբր, պետք է քայլեր ձեռնարկեր։ Այնինչ, ըստ նախկին պաշտոնյայի՝ ամբողջ հանրապետությունում մոնիթորինգի ենթակա ցանքատարածքների թիվը 2022 թվականին կառավարությունը իջեցրել է մինչև 53 հազար հեկտարի։