Համաշխարհային շուկայում էլեկտրամոբիլների գների նվազումն ավելի մատչելի է դարձրել դրանք հայաստանյան շուկայի համար.Դերձյան

Sputnik
Պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ մինչև տարեվերջ հայաստանցիները համապատասխան քվոտայի շրջանակում դեռ կարող են ներմուծել 2563 էլեկտրամոբիլ։
Նախորդ տարիներին Հայաստանը լիովին չէր սպառել ԵԱՏՄ-ի սահմանած քվոտան։ Օրինակ` 2023 թվականին` 8 000 քվոտայի դեպքում, ներմուծվել է 5000-ից պակաս ավտոմեքենա, իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է ավելի քան 4800 ավտոմեքենա։
2023 թվականի պետբյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Հայաստանը կառաջարկի երկարաձգել 3-րդ երկրներից դեպի Հայաստան և ԵԱՏ-իՄ մյուս երկրներ էլեկտրամոբիլների անմաքս ներմուծումը նաև 2026 թվականից հետո։
Պապոյանը հիշեցրել էր, որ ԵԱՏՄ-ի մակարդակով նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2026 թվականից հետո էլեկտրամոբիլների ներմուծումն այլևս չի ազատվի մաքսատուրքից։ Նախարարի կարծիքով հայկական կողմը դեռ բավականին ժամանակ ունի գործընկերների հետ բանակցելու համար՝ արտոնյալ ռեժիմի երկարաձգման շուրջ։
«Համաշխարհային շուկայում էլեկտրամոբիլների գների նվազումն ավելի մատչելի է դարձրել դրանք հայաստանյան շուկայի համար»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է Էլեկտրամոբիլների զարգացման նախագծի հիմնադիր Կարեն Դերձյանը։