ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի գործունեությունն ապահովող Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Խարկովի մարզերի գազակոմպրեսորային կայանները հայտնվել են ռուս զինվորականների զանգվածային հարվածի տակ։ Այս մասին, հղում անելով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր առավոտյան ռուսական զորքերը օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով, օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիայի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների կարևոր օբյեկտների, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը:
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներից առավոտյան զանգվածային հարվածի թիրախ են դարձել նաև ինը մարզերի էլեկտրակայանները, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հարվածի օբյեկտ են դարձել Կիևի, Վիննիցայի, Ժիտոմիրի, Խմելնիցկիի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Նիկոլաևի, Կիրովոգրադի և Օդեսայի մարզերի էլեկտրակայանները։ Բոլոր նշանակված թիրախները խոցված են, ինչի արդյունքում նկատվում են էլեկտրամատակարարման խափանումներ, ինչպես նաև խափանվել է սպառազինության և զինամթերքի երկաթուղային փոխադրումը մարտական շփման գիծ», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերի օդանավակայաններում հարվածներ են հասցվել Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինված ուժերին փոխանցված՝ խոցման ավիացիոն միջոցների պահման վայրերին։