ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած այցի ընթացքում չի հանդիպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ»,-ասել է Պեսկովն ի պատասխան լրագրողների հարցի՝ արդյոք Ադրբեջանում հանդիպել են Պուտինն ու Դուրովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել հետևություններ չանել, քանի դեռ Դուրովին մեղադրանք չի առաջադրվել, եթե «այն առհասարակ ներկայացվի»:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը պետական այցով Բաքվում էր օգոստոսի 18-19-ը։
Օգոստոսի 24-ի երեկոյան հաղորդվել էր, որ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դուրովը դուրս էր գալիս մասնավոր ինքնաթիռից, որը, ինչպես պնդում են, ժամանել Է Ադրբեջանից ։
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:
Ֆրանսիայի արդարադատությունը Դուրովին հանցակից է համարում մի շարք, այդ թվում ՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Փարիզում ՌԴ դեսպանատունը ֆրանսիական իշխանություններից պահանջել է պարզաբանել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության պատճառները, սակայն ֆրանսիական իշխանություններն առայժմ խուսափում են այդ հարցում համագործակցությունից: Դեսպանատանը նշել են, որ կապի մեջ են նաև Դուրովի փաստաբանի հետ: