ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կովկասն Իրանի համար աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Х սոցցանցի իր բլոգում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պատմական, մշակութային և աշխարհագրական մտերմությունը կրկնակի կարևոր է դարձնում այդ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը», – գրել է Իրանի արտգործնախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հեռախոսազրույցի ժամանակ Միրզոյանը և Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Նրանք նշել են հետագա կայուն գործընկերության ամրապնդման համար մշտական ջանքեր գործադրելու իրենց պատրաստակամությունը։
Նշենք, որ Աբաս Արաղչին Իրանի ԱԳՆ ղեկավար է նշանակվել օգոստոսի 18–ին: Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց հետո Արաղչին նրա խորհրդականն էր՝ արտաքին քաղաքականության գծով։