ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Իրանը միանշանակ պատասխան կտա Իսրայելին, սակայն այն շատ լավ հաշվարկված կլինի։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը միանշանակ կարձագանքի Թեհրանում Իսրայելի ահաբեկչական գործողություններին, և այդ արձագանքը կլինի կշռադատված և լավ հաշվարկված», – իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Արաղչին։
Իրանցի նախարարը հավելել է, որ Թեհրանը տարածաշրջանում իրավիճակի սրացման չի ձգտում։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի: