Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են. Հայաստանի 1 և Հնդկաստանի 6 քաղաքացի է կալանավորվել. ՔԿ

7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին շահագործել է Վայոց Ձորի բնակիչ 36-ամյա տղամարդուն պատկանող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան և դրանով օգոստոսի 22-ին վթարի ենթարկվել, որից հետո չի կարողացել հոգալ վթարի հետևանքով առաջացած ծախսերը։ Դեպքից հետո 36–ամյա տղամարդու դրդմամբ Հնդկաստանի քաղաքացուն առևանգել են նրա 6 հայրենակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 36-ամյա տղամարդը իր գրասենյակ է կանչել Հնդկաստանի քաղաքացուն և պահանջել վճարել 1,5 մլն դրամ։ Հնդկաստանի քաղաքացին հրաժարվել է` պատճառաբանելով, որ այդքան գումար չունի։
«Լսելով տուժողի գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները մտցրել են նրան «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և վարել այն»,–հայտնում է ՔԿ–ն։
Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են պարեկները և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը, իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը հոդվածներով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է։