ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակման տեմպերը կտրուկ նվազել են։ Այս մասին են վկայում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալները։
Նախորդ շաբաթվա ընթացքում վարակման երկու նոր դեպք է արձանագրվել (մեկը` երեխայի, մյուսը` մեծահասակի մոտ)։ Հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ մարդ։
Տարեսկզբից կարմրուկով վարակվածների թիվը կազմում է 548 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1093–ի։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետլանա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել էր, որ կարմրուկի դեպքերի նվազման միտում է նկատվում, սակայն չի բացառվում, որ աշնանը հիվանդությունը կրկին կակտիվանա։
Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն` կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 տարեկանից մինչև 4-6 տարեկան երեխաների համար։ ՀՀ ԱՆ–ն չպատվաստված երեխաների ծնողներին հորդորում է դիմել պոլիկլինիկաներ։ Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդի հետ շփում ունեցած և պատվաստման երկու չափաբաժինները չստացած անձինք։