ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 25-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառի ճյուղը (մոտ 8 մ) քամուց կոտրվել և ընկել է Ա․ Ա․-ի (ծնված 1999 թ․) և Գ․ Զ․-ի (ծնված 1982 թ․) վրա:
Տեղի ուժերով ճյուղը հեռացվել է քաղաքացիների վրայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Նույն օրը երեկոյան Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառեր են ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։