«Երեխաների տանը» դայակը և բուժքույրը ծեծել են երեխաներին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Երեխաները տարբեր հիվանդություններ ունեն` «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակը և բուժքույրը ծեծի են ենթարկել մանկատան անօգնական երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ օգոստոսի 2-ին Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ում օգոստոսի 2-ին 2-ամյա երեխա էր մահացել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ փոքրիկը բնածին առողջական ծանր խնդիրներ է ունեցել։
Գերատեսչությունից հայտնում են` 2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը հաղորդում է ներկայացրել, որ մանկահասակ երեխաների նկատմամբ դայակն ու բուժքույրը դաժան վերաբերմունք են ցուցաբերում։
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված հաստատության դայակը և բուժքույրը, պարտավորված լինելով բարեխիճ վերաբերվել երեխաների հետ, վերջիններիս պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Նշված անձինք օգտվել են երեխաների անօգնական վիճակից և 7-10 տարեկան երեխաներին ձեռքերով, նաև ոտքով հարվածել են, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը։ Երեխաներից մի քանիսին պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք»,– ասված է հաղորդագրությունում։
Երեխաներն ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ»։
ՔԿ–ից նաև հայտնում են, որ փոքրիկների նկատմամբ դաժան վերաբերմունքը եղել է խմբի մյուս երեխաների ներկայությամբ։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՊՈԱԿ-ի բուժքրոջ և դայակի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք:
Նախաքննությունը շարունակվում է: