Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար. Փարիզի դատախազություն

Պավել Դուրովը. Արխիվային լուսանկար
Դուրովին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև օգոստոսի 28-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել 12 հանցագործության համար, նրան հարցաքննում են ոմն անձի դեմ (որի անունը չի նշվում) հետաքննության շրջանակներում` կապված բազմաթիվ կիբեռհանցագործություններ կատարելու կասկածների հետ։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը:
Դուրովին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև օգոստոսի 28-ը, քանի որ այն չի կարող գերազանցել 96 ժամը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Փարիզի վերահսկողական գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ոստիկանությունը կալանք խափանման միջոցը երկարացրել է 2024 թվականի օգոստոսի 25-ին քննչական դատավորի կողմից և կարող է տևել մինչև 96 ժամ (այսինքն` մինչև 2024 թվականի օգոստոսի 28-ը)` համաձայն կազմակերպված հանցավորության ռեժիմի դասին պատկանող հանցագործությունների նկատմամբ կիրառվող ընթացակարգի»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: