ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի, դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։
Որոշումը կայացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ։
«Աղեկյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել 3 ամիս ժամկետով։ Դատական ակտը դեռ չենք ստացել, բայց Աղեկյանը 1 տարի 8 ամիս ժամկետով անազատության մեջ էր և ակնհայտ էր, որ նվազ է այն մտահոգությունը, թե նա կարող է ազդել գործի քննության վրա»,– նշեց Ներսիսյանը։
Գոռ Աղեկյանի կալանքից ազատ է արձակվել անմիջապես դատարանի դահլիճից:
Քրեական գործով անցնող ամբաստանյալի փաստաբանը շեշտեց, որ դեռ երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն կա. իրավական գործընթացի շրջանակում կներկայացնեն իրենց պնդումները, հավաքագրած ապացույցները։
Ներսիսյանը հույս հայտնեց, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։