Զբոսաշրջային շատ ընկերություններ, ամենայն հավանականությամբ, կփակվեն. Ալինա Պետրոսյան

Sputnik
Սեպտեմբերի 1-ից մասամբ ուժի մեջ է մտնում «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը։ Իսկ ամբողջությամբ այն կսկսի գործել արդեն հաջորդ տարվանից։ Նոր օրենքով զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները պարտադիր պետք է հաշվառվեն, ունենան առնվազն 15 քմ մակերեսով գրասենյակ, 2 գրանցված աշխատակից և իրականացնեն ֆինանսական դեպոզիտներ:
Ոլորտի ներկայացուցիչները նոր կարգավորումներին հիմնականում դեմ չեն, կարծում են, որ դրանք դրական փոփոխություններ կբերեն։ Բայց և կարծում են, որ մեծ ու փոքր ընկերությունների համար հավասար պայմաններ սահմանելով, պետությունը, պետք է մտածի նաև փոքրերին աջակցելու մասին։
Հայաստանյան զբոսաշրջային գործակալություններից մեկի սեփականատեր Ալինա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է նոր կարգավորման, իր գնահատմամբ, խնդրահարույց կետերը։
«Անհասկանալի է, թե ինչպես է հաշվարկվելու դեպոզիտը։ Եթե դա ֆիքսված է և ոչ փոքր, ապա շատ ընկերություններ, ամենայն հավանականությամբ, կփակվեն: Իսկ եթե գումարը կախված լինի գործունեության ծավալից, ապա խնդիրներից հնարավոր կլինի խուսափել», - ասել է Պետրոսյանը։