ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը, խոսելով Ուկրաինայում վերջին շրջանի «օրենքների» մասին, հայտարարել է հավատացյալների ազատության համար մտավախությունների մասին և ընդգծել, որ ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող լուծարվել:
«Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ինձ մոտ վախ է առաջանում աղոթողների ազատության համար։ Ով իրապես աղոթում է, միշտ աղոթում է բոլորի համար: Աղոթքը չի կարող չարություն կատարելու պատճառ լինել: Եթե ինչ-որ մեկը սեփական ժողովրդի դեմ չարություն է անում, նա մեղավոր կլինի դրա մեջ: Բայց նա աղոթելիս չարիք չի գործում: Եվ թող աղոթելու հնարավորություն ստանա նա, ով ցանկանում է աղոթել այն վայրում, որն իր եկեղեցին է համարում: Խնդրում եմ, թող ուղղակիորեն կամ անուղղակի չվերացվի ոչ մի քրիստոնեական եկեղեցի», - հայտարարել է քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտից հետո։
Վլադիմիր Զելենսկին օրերս ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետ կապված կրոնական կազմակերպությունների, մասնավորապես, կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելելու մասին օրինագիծ:
Նշենք` օգոստոսի 20–ին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս Ուկրաինայում արգելել Ուկրաինական ուղղափառ եկեղեցին՝ երկրի քրիստոնյա հավատացյալների ամենամեծ համայնքը: Ինչպես ճշտել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, Ուկրաինական ուղղափառ եկեղեցին ունի 9 ամիս՝ «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար»: Տվյալ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից 30 օր հետո: Մինչ այդ, օրենքի նախագծին աջակցություն էր հայտնել Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհուրդը: