ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Telegram մեսենջերը կշարունակի աշխատել նույնիսկ առանց դրա հիմնադիր Պավել Դուրովի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման կարծիք են հայտնել փորձագետները:
Հայտնել ենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Դա տեղի է ունեցել, երբ նա իջնում էր մասնավոր ինքնաթիռից, որը ժամանել էր Ադրբեջանից: Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական իրավապահները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով։
«Ակնհայտ է, որ եթե Դուրովը խոստանա պայքարել և վերահսկել, դիտարկել Telegram-ի ահաբեկչական ալիքները, ապա դա կբավարարի ֆրանսիական իշխանություններին։ Ուստի, կարծում եմ, որ նրանք կկարողանան ընդհանուր եզրեր գտնել», - կարծում է TelecomDaily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը, ըստ որի՝ համագործակցության հարցը կարելի է լուծել առանց Telegram-ի փակման։
Կուսկովը միաժամանակ նշել է, որ աշխարհում շատ մեսենջերներ կան, որտեղ տեղի են ունենում նույն խախտումները, ինչ Telegram-ում:
«Բայց ո՛չ WhatsApp-ի, ո՛չ Signal-ի, ո՛չ Threma-ի, ո՛չ էլ Discord-ի սեփականատերերին չեն ձերբակալում», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ Telegram-ի հետ կապված բազմաթիվ բողոքներ են եղել անորակ վերահսկման պատճառով։
Փորձագետը նաև ենթադրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները կարող էին ձերբակալել Դուրովին, որպեսզի ինչ-ինչ հարցերում (այդ թվում՝ քաղաքական) մղեն համագործակցության։
Նշենք, որ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Telegram-ի հիմնադրին այսօր կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար: