Տարրական դասարաններում դասագրքերի խնդիր չի լինի․ ՀՀ ԿԳՄՍՆ

Դասագրքեր
Անցյալ տարի որոշ աշակերտներ ուսումնական տարին սկսեցին առանց նոր դասագրքերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2024-2025 ուստարվա համար տարրական դասարանների դասագրքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն օգոստոսի 25-28-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Պակասող կամ նոր դասագրքերի և տարրական դասարանների տետրերի (1-4) տպագրության համար նախարարությունն ընդհանուր առմամբ ծախսել է 418 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար): Գրքերը տպագրվել են «Անտարես», «Զանգակ-97», «Լաս-Պրինտ», «Լիմուշ», «Տիգրան Մեծ», «Օմեգա պրինտ» հրատարակչությունների կողմից:
Միաժամանակ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, որ մյուս դասարանների (5-12-րդ) դասագրքերի տպագրությամբ զբաղվում է Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման և տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դասագրքերի պատվերն ուշացել է, ինչի պատճառով որոշ տպարաններ աշխատում են մի քանի հերթափոխով։
Հիշեցնենք, որ 2023-ին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները ուսումնական տարին սկսեցին առանց նոր դասագրքերի: Այդ դասարաններում ներդրվել էր կրթական նոր չափորոշիչ, իսկ նոր դասագրքերը չէին հասցրել տպագրել ու բաժանել դպրոցներին։