ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում բախվել են «Զիլ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է օգոստոսի 25–ին` ժամը 00:12-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ բախվել են «Զիլ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1996 թ.) և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները․ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները փակել են «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից. վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահը։