Դուրովի ձերբակալության ֆոնին Մասկը չի բացառել X-ի դեմ միջոցները

Telegram-ի ալիքները ամբողջ աշխարհից տարբեր լսարաններով աջակցում են Դուրովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության ֆոնին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը չի բացառում միջոցառումները նաև իրեն պատկանող X սոցցանցի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դուրովի ձերբակալությունից հետո ամերիկացի գործարար Վիվեկ Ռամասվամին X-ի իր էջում գրել է. «Այսօր Telegram-ն է, վաղը կլինի X-ը»:
Մասկն այս գրառմանն արձագանքել է կրկնակի ընդգծված 100 թվով (նկատի ունի 100 տոկոս,–խմբ.)։
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Telegram-ի հիմնադրին այսօր կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Telegram-ի ալիքները ամբողջ աշխարհից տարբեր լսարաններով աջակցում են Դուրովին: Մեկը վերբեռնում է գործարարի տեսանյութերը կամ լուսանկարները, մեկը՝ նրանից մեջբերումներ: Մեսենջերում շատ հաղորդագրություններ ստորագրվում են FREEDUROV հեշթեգով (անգլ.՝ «ազատություն Դուրովին» - խմբ.): Մեսենջերում հայտնվում են նաև համանուն բոտեր։