ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով»,- նշեց Աբրահամյանը։
Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Փաշինյանն այցելել է Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ: Այսօր ԶԼՄ–ն հայտնել է, որ խնձոր նետելու համար ձերբակալվել է 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը։
Հավելենք, որ ՔՕ օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: