Ինչո՞ւ Հայաստանում ոչխարի նորմալ սորտեր չեն ստանում. ֆերմերը` կառավարության ծրագրի մասին

ֆերմեր Հարություն Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է, որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո պետությունը ոչխարաբուծության ոլորտի զարգացման համար ոչինչ չի արել, արդյունքում 4.2 մլն գլուխ ոչխարից ՀՀ–ում այսօր մնացել է 500-600 հազարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Անասնաբուծությունը Հայաստանում չի զարգանում, որովհետև դրսից ներկրում են սորտեր, որոնք չեն վարժեցվում տեղի կլիմային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ֆերմեր Հարություն Մնացականյանը` մեկնաբանելով կառավարության նիստում ընդունված ծրագիրն ու դրա շուրջ ծավալված երկարատև քննարկումը։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 22-ին նիստում հաստատեց Հայաստանում անասնաբուծության խթանման ծրագիրը։ Մասնավորապես հաստատվել է «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրել 10 000 գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ (պետական միջոցներից ձեռք բերված կենդանիների արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կտրամադրվ), որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Կառավարությունում համոզված են, որ ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով։
Ֆերմեր Հարություն Մնացականյանն այս հարցում կառավարության անդամների լավատեսությունը հիմնավոր չի համարում։
«Մեզ մոտ նորմալ որակի ոչխարներ չեն ստանում, որովհետև դրսից ներմուծում են սորտեր, որոնք չեն կլինմայավարժեցվում և արագ դեգրադացվում են։ Իսկ միջին վիճակագրական գյուղացին տեղյակ չէ, որ այդ ոչխարը պետք է սելեկցիայի ենթարկել, խաչասերել, ստանալ նոր սորտեր, որոնք կլինեն մեր կլիմային հարմարված, մսատվությունը կբարձրանա»,– ասում է գործարարը` հիշեցնելով, որ դեռ խորհրդային տարիներից Հայաստանի կլիմայական պայմանների համար ամենաօպտիմալ տեսակը համարվել է կիսակոպտաբուրդ ոչխարը, որն էլ տարիներ շարունակ բուծվել է Հայաստանում։
Հայաստանում «սխալ» ոչխարնե՞ր են գնել. պետական ծրագրի շահառուների թիվը բավականին քիչ է
ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, Մնացականյանի դիտարկմամբ, այդ ուղղությամբ պետությունը ոչինչ չի արել, արդյունքում 4.2 մլն գլուխ ոչխարից ՀՀ–ում այսօր մնացել է 500-600 հազար գլուխ ոչխար։ Դրանց արդյունավետությունն էլ, նրա խոսքով, այնքան ցածր է, որ օգուտ կարող են ստանալ միայն այն գյուղացիները, որոնք ամբողջ ընտանիքով զբաղված են միայն ոչխարաբուծությամբ, և ամբողջ աշխատանքը կատարում են իրենց ռեսուրսներով` ինքնուրույն։
«Ոչխարի արդյունավետ տեսակների ստեղծումը, նոր տեսակների կլիմայավարժեցումը պետության գործառույթն է։ Բայց երբ իրենք մասնագետ չունեն ու խնդիրն էլ այդ խորությամբ չեն պատկերացնում, պիտի ասեն, որ հովիվ չունենք, դրա համար չի զարգանում»,– ասում է Մնացականյանը` ակնարկելով կառավարության նիստում հնչած համապատասխան տեսակետը։
Ֆերմերը վարչապետի նշած պատճառաբանությունը չի ընդունում` հիշեցնելով, որ Հայաստանում այսօր մեծ թվով էժան աշխատուժ կա, որոնք կարող են զբաղվել նաև անասնապահությամբ, այդ թվում` սարում ոչխար պահելով։
Ինչ վերաբերում է այծաբուծությանը, այստեղ, Մնացականյանի գնահատմամբ, շատ ավելի մասնագիտացված ու համակարգված մոտեցում է անհրաժեշտ, քանի որ այծերի արոտավայրերում հողերը դեգրադացվում են` բնապահպանական խնդիր առաջացնելով, և մեծ գլխաքանակի ու ոչ պատշաճ պետական վերահսկողության պարագայում Հայաստան նաև էկոլոգիական խնդրի առաջ կարող է կանգնել։