ՆԳՆ-ն փորձում է մասնավորին պարտավորեցնել ոստիկանության համար գնել տեխնիկական միջոցներ. Գևորգ Հայրապետյան

Sputnik
Ոստիկանությունը մտադիր է տեսահսկել Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը, կամ առնվազն բոլոր այն վայրերը, որտեղ գոնե մեկ խանութ, լցակայան կամ որևէ այլ կազմակերպություն է գործում։
Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նխաձեռնությամբ, որով առաջարկում է տեսախցիկներ տեղադրելու պարտադիր պահանջ սահմանել խոշոր տնտեսվարող սուբյեկտների և ընկերությունների համար, իսկ տեսախցիկների հսկողությունն ամբողջությամբ վերապահել նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ին։
Պահանջը վերաբերելու է բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատներին, դեղատներին, տարադրամի փոխանակման կետերին, փոստային բաժանմունքներին, ուսումնական հաստատությունների արտաքին տարածքներին, 100 քմ–ից ավելի մակերեսով խանութներին, լցակայաններին, 50 քմ–ից մեծ տարածք ունեցող հանրային սննդի կետերին։ Տեսախցիկների առկայությունը պարտադիր է լինելու նաև շտապօգնության մեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։
Ազգային ժողով հասած այս նախագիծն արդեն առաջացրել է կիբերանվտանգության ու անձնական տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագտների անհանգստությունը։
Կիբերանվտանգության փորձագետ Գևորգ Հայրապետյանը ևս մանրամասն վերլուծել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, վերհանել դրանում առկա վտանգավոր խութերն ու նաև նախագծի հեղինակերին ուղղված առաջարկություններ մշակել։