Վարչապետը խորը տարաձայնություններ ունի անկախության հետ. Վիգեն Հակոբյան

Sputnik
Վարչապետը խորը տարաձայնություններ ունի անկախության, պետականության հետ. Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` վերլուծելով Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձը։
«Հայաստանը դեռևս որևէ իշխանության օրոք անկախության, սուվերենության նման ցածր մակարդակ չի ունեցել»,– ասել է Հակոբյանը։
Ուղերձում Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հռչակագրին հղումը տեղ է գտել 1995 թվականից և մինչ օրս առկա է։ «Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական է»,– նշել էր Փաշինյանը։
Նրա խոսքով` Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
Անկախության հռչակագրին նվիրված ուղերձը Փաշինյանն ավարտել է իր հեղինակած բանաստեղծությամբ`կառուցված պետության ու հայրենիքի գաղափարների նույնականացման թեզի շուրջ։