Վտանգի տակ է դրել ՀՀ անկախության ամբողջ գործընթացը. քաղտեխնոլոգը` Փաշինյանի ուղերձի մասին

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. Արխիվային լուսանկար
Վերլուծելով ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը` քաղաքագետը եկել է այն եզրահանգման, որ Փաշինյանն այս հայտարարություններով հերթական անգամ փորձում է հիմնավորել դրսից պարտադրվող սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը տարաձայնություններ ունի անկախության և պետականության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` վերլուծելով ՀՀ հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ վարչապետի շնորհավորական ուղերձը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել էր, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
Հակոբյանի խոսքով` այս իշխանությունն ուղղակի վտանգի տակ է դրել ՀՀ անկախության ամբողջ գործընթացը։

«Երբևէ ՀՀ–ն որևէ իշխանության օրոք անկախության, սուվերենության, ինքնիշխանության նման ցածր մակարդակ չի ունեցել։ Մենք շատ թե քիչ կայացած երկրից վերածվել ենք չկայացած երկրի։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք վերածվել է տապալված երկրի»,– ասաց Հակոբյանը։

Ըստ նրա` Փաշինյանն այս հայտարարություններով հերթական անգամ փորձում է հիմնավորել դրսից պարտադրվող սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը` Սահմանադրությունից հանելով Արցախին ու Ցեղասպանությանը վերաբերող դրույթները, իբր դրանք կապ չունեն հռչակագրի հետ։
«Փաշինյանը հայտարարում է, թե իբր Հռչակագրում առկա շատ դրույթներ ժամանակավրեպ են ու հակասական։ Դա նորմալ չէ, աբսուրդ է, դա նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում ու ադեկվատ գործչի պահվածք չէ»,– համոզված է քաղաքագետը։
Իր ուղերձում Փաշինյանը հակասություններ է գտել ՀՀ Սահմանադրության և Անկախության Հռչակագրի մեջ` նշելով` եթե Հռչակագրում զինված ուժերը ենթակա էին Գերագույն խորհրդին, ապա Մայր օրենքով դրանք մինչև 2015 թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի նախագահին, իսկ 2018 թ. ապրիլից հետո՝ կառավարությանը:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ` Փաշինյանն այսպիսով ընդամենը դիմել է մանիպուլյատիվ սովորական մի հնարքի` շրջանցելով գլխավոր թեմաները։
«Փաշինյանը մի չեզոք ու ժամանակավրեպ դրույթ է վերցրել, իսկ մյուս դրույթներին միտումնավոր չի անդրադարձել, որպեսզի չթարմացնի, օրինակ` Արցախի կամ Ցեղասպանության մասին բանավեճը։ Նա նետրալ օրինակներով փորձում է հիմնավորել, թե ինչի համար է հարկավոր փոխել Սահմանադրությունը` թիրախում ունենալով Արցախի ու Ցեղասպանության դրույթները»,– ընդգծեց քաղաքագետը։
ՀՀ վարչապետը շնորհավորական իր ուղերձը եզրափակել է իր հորինած բանաստեղծությամբ, որը Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել։ «Բանաստեղծ Նիկոլ Փաշինյանն իմ նախասիրությունների շրջանակում չէ»,– պարզաբանեց նա։
Ըստ Հակոբյանի` բանաստեղծությունների ժանրը, որը վերջին շրջանում Փաշինյանը բավականին շատ է օգտագործում, մի սովորական քարոզչական գործիքակազմ է` ուղղված է իր ամենանվիրված լսարանին։
Ամենահեղինակավոր կառույցները խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում. Մինասյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը:
Հիշեցնենք նաև, որ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։