Կրեմլը ներկայացրել է Պուտին–Փաշինյան զրույցի մանրամասները

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ կարծիքներ են փոխարինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր` հաշվի առնելով Բաքու կատարած պետական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Հայաստանին և Ադրբեջանին հետագայում ևս աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։